Պատմություն


                                1. ԱՀ ԱԱԾ պատմություն


Պետության ծագման հետ միաժամանակ ծագում է նաև նրա անվտանգության անհրաժեշտությունը: Մեր երկրամասի անվտանգության ապահովման գոյապայքարը բազմադարյա պատմություն ունի: Պատմական տվյալները վկայում են, որ Արցախն ու Սյունիքն արտաքին վտանգի պահին միշտ էլ հանդես են եկել որպես մեկ միասնական ռազմաքաղաքական միավոր: Այս երկու խոշոր գավառները, 18-րդ դարում Արևելյան Եվրոպայում, Շամախիում և Թավրիզում ունեին իրենց հետախուզական ցանցը, որոնց հիմնական առաքելությունը դեպի Հայրենիք զենքի և զինամթերքի գաղտնի տեղափոխումը և հակառակորդի մասին տեղեկությունների հաղորդումն էր:


Արցախի ազգային անվտանգության մարմինների պատմությունը կարելի է բաժանել երեք՝ մինչխորհրդային /1918-1920թթ./, խորհրդային /1920-1991թթ./ և անկախության ժամանակաշրջանների:


Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության մարմինների պատմության երրորդ` արդի փուլը սկսվել է ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ինքնավար մարզը և Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելուց հետո։ Այդ համատեքստում երկրի Ազգային Ժողովը 1992թ․ հունվարի 6-ին ընտրեց երկու խոշոր փաստաթուղթ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անվտանգության հիմունքների մասին» օրենքը և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անվտանգության մասին» Հռչակագիրը։ Այս երկու փաստաթղթերում շեշտվում է, որ երկրի քաղաքացիների պաշտպանության և բնակչության անվտանգության համար ազգային անվտանգության մարմինների ստեղծման և ղեկավարման իրավասությունը պատկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։


ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից 1992թ․ հունվարի 18-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ ԼՂԻՄ պետական անվտանգության բաժինը կոչվել է ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ազգային անվտանգության պետական վարչություն, իսկ նրա ղեկավարը՝ ԼՂՀ ԱԱՊՎ պետ։


ԼՂՀ Ազգային ժողովի կողմից 2003թ. նոյեմբերի 26-ին ընդունվեցին «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքները, 2003թ. դեկտեմբերի 3-ին՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքը և այլն:


Խորհրդային Միության տարիներին դեկտեմբերի 20-ը նշվում էր որպես «չեկիստների օր»: Հենց այդ օրն էլ հիմք է վերցվել ազգային անվտանգության ծառայության աշխատողների մասնագիտական տոնի համար, որը նշվում է նաև Արցախի Հանրապետությունում՝ /ԼՂՀ կառավարության 10.11.2003թ. որոշումը՝ «ԼՂՀ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնը նշելու մասին»:


ԼՂՀ նախագահի 2004թ. փետրվարի 24-ի հրամանագրով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին գործադիր իշխանության կառուցվածքում, այդ թվում՝ ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, իսկ նրա ղեկավարը՝ ԱՀ ԱԱԾ տնօրեն:


Արցախի Հանրապետության ներկայիս գործող կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը և գործունեության կազմավորման կարգը սահմանվել են Հանրապետության Նախագահի 2017թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրերով, որոնց համաձայն ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը համարվում են պետական կառավարման այլ մարմիններ, որոնք ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հանրապետության Նախագահի հրամանագրով և որոնք իրենց գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրենց վերապահած լիազորությունների շրջանակներում:


ԱՀ Ազգային անվտանգության համակարգը, որը ձևավորվել է անկախության հռչակումից հետո, իր գործունեությունն իրականացնում է հետախուզության, հակահետախուզության, պետական սահմանի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով՝ երաշխավորելով այդ գործընթացներում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:


Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն այժմ ղեկավարում է գեներալ-լեյտենանտ Կամո Աբգարի Աղաջանյանը: