Հաճախ տրվող հարցեր


Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու պայմանները և պահանջները

1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:


2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Արցախի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:


3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:


Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին ընդհանուր տեղեկատվություն կարող եք ստանալ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԼՂՀ օրենքից և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ԼՂՀ օրենքից (հղումները` http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=15378, http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=15383):