ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան | 1. Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, նպատակները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը: Հոդված 2. | Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ոստիկանության մասին», «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերից և այլ իրավական ակտերից։ Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման և անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների նորմատիվ իրավական ակտերով: Հոդված 3. | Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է: Հոդված 4. | Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են` 1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը. 2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը. 3) քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզումը և հայտնաբերումը, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզումը. 4) վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների և այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը. 5) ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը. 6) Արցախի Հանրապետության տարածք ապրանքների օրինական ներմուծման և արտահանման նկատմամբ վերահսկողություն սահմանելը․ 7) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը. 8) քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը. 9) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական մարմիններին տրված ցուցումները, որոնք վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների վերացմանը. 10) պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվության որոշման կայացման համար տեղեկություններ հավաքելը. 11) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (և նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունն ապահովելու համար տեղեկություններ հավաքելը. 12) ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը. 13) օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետևանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը. 14) ազգային անվտանգության մարմիններում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելը. 15) օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Արցախի Հանրապետության քաղաքացիություն, Արցախի Հանրապետությունում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու և որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը: Հոդված 5. | Օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքները | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքների հիման վրա` 1) օրինականության. 2) մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության. 3) գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության. 4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահության. 5) օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության: Հոդված 6. | Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերի և փաստաթղթերի հրապարակայնությունը | 1. Յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը: 2. Նշված նյութերը և փաստաթղթերը տրամադրելը մերժվում է, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք: 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում և ժամկետում, եթե անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք ոչնչացվում են: 4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերը ենթակա են ոչնչացման անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով իրավաչափ համարվելուց կամ անձի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում: Հոդված 7. | Հատուկ տեխնիկական միջոցները | 1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: 2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին: 3. Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
ԳԼՈՒԽ 2
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ Հոդված 8. | Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները | 1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն` 1) ոստիկանությունը. 2) ազգային անվտանգության մարմինները. 3) հարկային մարմինները: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը: 3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք գրավոր հաստատած անձը: 4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս: 5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Հոդված 9. | Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական վարչությունը | 1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների և համացանցի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն ապահովում է միայն Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական վարչությունը (այսուհետ` Վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով: 2. Վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է: 3. Վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների և համացանցի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար: Հոդված 10. | Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն` 1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները. 2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ. 3) օգտագործելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները: 2. Ազգային անվտանգության մարմինները և ոստիկանությունը սույն օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր: 3. Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումների հիման վրա: 4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն սույն հոդվածով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնելու ի շահ կամ ի վնաս որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ միջամտելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կուսակցությունների գործունեությանը: Հոդված 11. | Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են` 1) կատարել քննիչի պարտադիր գրավոր հանձնարարությունները, հետաքննության մարմնի հանձնարարությունները, դատախազի պարտադիր գրավոր ցուցումները, քննիչի և դատարանի որոշումները` անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ. 2) ստուգել ստացված անանուն հաղորդումը, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել. 3) Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ. 4) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին. 5) իրենց լիազորություններն իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ոչնչացման ենթակա տեղեկությունների: Հոդված 12. | Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք | 1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս և գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաև ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող և համագործակցած անձանց անհատական տվյալները: 2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման և վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով: 3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու` 1) պատգամավորների. 2) Կառավարության անդամների. 3) դատավորների. 4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև դատախազության, քննչական մարմինների և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների. 5) Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին: Հոդված 13. | Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը և սոցիալական պաշտպանությունը | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք կարող են ազատվել հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից` օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով: 2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավված անձանց և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ: 3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական և այլ պարգևատրումներ: Այդ պարգևատրումների գումարները հարկման և հայտարարագրման ենթակա չեն: 4. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետևանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին և խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ` զոհվածի ամսական դրամական բավարարման տասը տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի դեպքում կենսաթոշակ: Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ` ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ: 5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատակիցների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ, որի հաշվարկման կարգն ու պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 3
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Հոդված 14. | Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները | 1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները. 1) օպերատիվ հարցում. 2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում. 3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում. 4) հսկիչ գնում. 5) վերահսկելի մատակարարում և գնում. 6) իրերի և փաստաթղթերի հետազոտում. 7) արտաքին դիտում. 8) ներքին դիտում. 9) անձի նույնացում. 10) շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտում. 11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում. 12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում. 13) օպերատիվ ներդրում. 14) օպերատիվ փորձարարություն. 15) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում. 16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում. 17) համակարգչային տեղեկատվության ստացում։ 2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով: 3. Ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները: 4. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-17-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները: 5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ, 10-րդ և 13-14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Հոդված 15. | Օպերատիվ հարցումը | 1. Հարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով: Հոդված 16. | Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը | 1. Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների իրականացման նպատակով օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց և փաստերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է: Հոդված 17. | Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը | 1. Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը համապատասխան նյութերի, առարկաների, իրերի, փաստաթղթերի և այլ նմուշների հավաքումն է (ստացումն է)` անհրաժեշտ համեմատություններ և ուսումնասիրություններ կատարելու համար: 1. Հսկիչ գնումն իրականացվում է ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման օրենսդրության և հարկային հաշվառման կանոնների պահպանումը ստուգելու, ինչպես նաև հետագա հետազոտությունների նպատակով նմուշներ ստանալու, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների իրական գների բացահայտման համար: Հոդված 19. | Վերահսկելի մատակարարումը և գնումը | 1. Վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով: 2. Այն առարկաների, ապրանքների և արտադրանքի վերահսկելի մատակարարումը և գնումը, որոնց ազատ իրացումն արգելված է, կամ որոնց շրջանառությունը սահմանափակված է, իրականացվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա: Հոդված 20. | Իրերի և փաստաթղթերի հետազոտումը | 1. Իրերի և փաստաթղթերի հետազոտումը դրանց զննումն է, հատկանիշների և բովանդակության բացահայտումը` տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հետազոտման ընթացքում և դրանից հետո ապահովվում է օբյեկտների և դրանց վրա եղած հետքերի պահպանությունը: Հոդված 21. | Արտաքին դիտումը | 1. Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հոդված 22. | Ներքին դիտումը | 1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: 2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով: Հոդված 23. | Անձի նույնացումը | 1. Անձի նույնացումը օպերատիվ-հետախուզական նպատակներով նրա ինքնությունը պարզելն է արտաքին նշանների, մատնահետքերի և քրեագիտական այլ հետքերի հիման վրա: Հոդված 24. | Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը | 1. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի և տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների և այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ և այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, ինչպես նաև հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հոդված 25. | Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը | 1. Նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը` տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, այդ թվում` դրանց բովանդակության հետազոտումն է և դրանց արդյունքների ամրագրումը, ինչպես նաև նամակի, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն ուղարկող անձի նույնացումը նրա ձեռագրի միջոցով կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ: Հոդված 26. | Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը | 1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` համացանցային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է` 1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում` ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը, գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը, դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը. 2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում` ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը, բ. տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը, գ. տվյալ հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունները սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը, դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը. 3) համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային խոսակցությունների և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել` ա. համացանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (համացանց պրոտոկոլի) հասցեն, բ. համացանցն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID), գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հասցեն, համացանցային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը: Հոդված 27. | Օպերատիվ ներդրումը | 1. Օպերատիվ ներդրումը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց գաղտնի ներդրումն է որոշակի մարմիններում, կազմակերպություններում կամ խմբավորումներում: Հոդված 28. | Օպերատիվ փորձարարությունը | 1. Օպերատիվ փորձարարությունը որոշակի հանգամանքներում այս կամ այն իրադարձությունների կատարման հնարավորության ստուգումն է` օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների կամ դրանց մի մասի վերարտադրության միջոցով: Հոդված 29. | Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը | 1. Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպություններից բանկային և այլ տեսակի հաշիվների (ավանդների) վերաբերյալ տեղեկությունների ստացումն է, ինչպես նաև իրականացվող ֆինանսական գործարքների մշտական վերահսկումը առանց այն անձանց գիտության, որոնց վերաբերում են այդ գործարքները: Հոդված 30. | Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը | 1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված իմաստով: 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում՝ տեսանկարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ: Հոդված 31. | Համակարգչային տեղեկատվության ստացումը | 1. Համակարգչային տեղեկատվության ստացումն օպերատիվ-հետախուզական խնդիրների լուծման համար օպերատիվ-տեխնիկական միջոցառում է՝ ուղղված համակարգչում կամ համակարգչային ցանցում շրջանառվող, ինչպես նաև մեքենայական կրիչների վրա պահվող և օրենքով պահպանվող տեղեկատվական տվյալների հավաքմանը՝ դրանց հետագա ամրագրմամբ (կամ առանց դրա)։ |